ԱԻՄ-ը չի մասնակցի գալիք ԱԺ ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը՝ ներկայացնելով չմասնակցելու իրենց որոշման հիմքերը:
Նա նշեց, որ ԱԻՄ կուսակցությունը մոտավորապես երկու շաբաթ առաջ ազդարարել էր, թե հնարավոր են համարում 20% ձայների աջակցություն: Ըստ նրա՝ վերջնական որոշումն այն է, որ ԱԻՄ-ը, որպես քաղաքական կազմակերպություն, չունի այնպիսի հասարակական աջակցություն, որի դեպքում արդարացված կլիներ ընտրություններին միայնակ մասնակցելը:
«Ընտրություններ և ընտրարշավ անցկացնելու համար նվիրատվությունները կվերադարձվեն նվիրատուներին: ԱԻՄ-ականներին իրավունք է տրվում ընտրություններին մասնակցել կամ չմասնակցել սեփական հայեցողությամբ»,- նշեց Պ. Հայրիկյանը՝ հավելելով, որ կուսակցության համար անհասկանալի է հասարակական աջակցության մարումը: Բանախոսի փոխանցմամբ՝ ընդամենը 400 հոգի ունեին՝ աշխատելու պատրաստ, բայց պետք էր հսկայական աշխատանք իրականացնել:
Նա անդրադարձավ հնարավոր դաշինքներին և հիշեցրեց՝ 96 թվականին ՀՀՇ-ն ասում էր, որ իրենց դեմ խաղ չկա։ Իսկապես, այդպես էլ եղավ։ Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դաշինքի դեպքում կշահեն, և պարզվեց՝ այդպես է:









































