Սիրիայի ճգնաժամը պետք է լուծվի արաբական երկրների ուժերով, և չպետք է թույլ տալ, որ ճգնաժամը վերածվի միջազգայինի: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Մուհամմադ Աբրը արաբական Al-Nil հեռուստաալիքի եթերում:
Ամրն անհրաժեշտ է համարում, որպեսզի գլխավոր դերը հակամարտության կարգավորման գործում պատկանի Արաբական պետությունների լիգային (ԱՊԼ), որն ի վիճակի է «խաղաղ միջոցներով, հակամարտող կողմերի միջև երկխոսության ճանապարով դրությունը դուրս բերել փակուղուց»: Նա կողմ է արտահայտվել Ասադի վարչակարգի վրա ճնշում գործադրելուն, որի շրջանակներում ընդունելի է համարում տնտեսական պատժամիջոցները:
«Ցանկացած ռազմական միջամտություն կհանգեցնի այն բանին, որ հակամարտության մեջ անպայմանորեն կներգրավվեն օտարերկրյա (ոչ արաբական) պետություններ»,- կարծում է նախարարը:
Բացի այդ, նա դեմ է արտահայտվել Սիրիայի ընդդիմությանը զինելուն, քանի որ, նրա կարծիքով, դա կնշանակի սկսել քաղաքացիական պատերազմ:









































