ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական ղեկավարության հրամանատար, գեներալ Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ Սիրիայի զինված կառավարական ուժերը երկրում տիրող կոնֆլիկտային իրավիճակի նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը:
Գեներալի կարծիքով՝ Բաշար Ասադը հասնում է նրան, ինչին ուզում է: Սակայն դրա հետ մեկտեղ Սիրիայի ներկայիս կառավարությունը գնալով ավելի շատ թշնամիներ է ստեղծում իր համար:
Գեներալը նաև նշել է, որ որքան շատ Սիրիայում շարունակվեն ռազմական գործողությունները, այնքան ավելի կմեծանա իրավիճակի մեջ ներգրավվելու «Ալ-Կաիդա»–ի հնարավորությունը, ինչն էլ կհանգեցնի լայնածավալ քաղաքացիական պատերազմի: Դրա հետ կապված՝ Մեթիսը նշել է, որ ԱՄՆ-ի ունեցած տվյալների համաձայն՝ «Ալ-Կաիդա» խմբավորումն արդեն մասնակցություն է ունեցել Սիրիայում կատարված վերջին արյունալի ահաբեկչությունների մեջ:
Գեներալի խոսքերով՝ Իրանն Ասադի կառավարությանը օգնելու «հուսահատ փորձեր է» անում, քանի որ Դամասկոսի ներկայիս իշխանությունների անկումը կլինի «Իրանի ամենախոշոր ստրատեգիական ձախողումը վերջին 20 տարիների ընթացքում»:










































