Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Քալմի-Ռեյը, ով ընդամենը երեք ամիս առաջ է թողել իր պաշտոնը, դեմքին ուժեղ հարված է ստացել… տորթով:
Ինչպես հայտնում են շվեյցարական ԶԼՄ-ները, միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ Ժնևում կայացած համաժողովից հետո:
Ինտերնետում տարածված տեսահոլովակում տարիքով մի մարդ մոտենում է նախկին նախագահին, նրան մեղադրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մեջ:
«Ես… Ես ոչինչ չեմ խախտել»,- պատասխանում է Քալմի-Ռեյը, որից հետո տղամարդը տորթով հարվածում է նրա դեմքին: Հարվածն այնքան ուժգին է, որ նախկին նախագահը հազիվ է կարողանում ոտքի վրա կանգնած մնալ:
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ չարագործը ոմն Էրիկե Դուգուն է՝ BCGE բանկի նախկին հաճախորդը: Մի ժամանակ Քալմի–Ռեյը վերոնշյալ բանկի ադմինիստրատիվ խորհրդի անդամ է եղել:
Նախկին նախագահը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել:







































