Մաշտոցի պուրակի պաշտպանները կշարունակեն լինել իրենց հանրային տարածքի տերը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպանական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը`խոսելով Մաշտոցի պուրակում շարունակվող ակցիաների և միջոցառումների շուրջ:
Նա նշեց, որ շարունակելու են պաշտպանել հանրային տարածքը և թույլ չեն տալու, որպեսզի կրպակների շինարարությունը շարունակվի, իսկ դրանց շահագործման մասին անգամ խոսք լինել չի կարող: Ըստ նրա` քաղաքապետի և քաղաքապետարանի խնդիրն է, թե ինչպես փոխհատուցել պայմանագրային պարտավորությունների համար: «Այս պահին շատ բան չեմ կարող ասել փոխհատուցման վերաբերյալ, քանի որ քաղաքապետարանը մեզ մանրամասներ չի տրամադրում»,- նշեց Ռ. Գրիգորյանը:
Անդրադառնալով միջոցառումներին Մաշտոցի պուրակում` նա նշեց, որ դրանք միշտ են լինելու և պուրակի «պաշտպանները» պատրաստակամ են կազմակերպել տարբեր միջոցառումներ` այդպիսով այգին արթուն պահելով:











































