ԱՄՆ Այովա նահանգի բնակչուհին eBay օնլայն աճուրդում երեկ վաճառել է հավի մի կտոր, որն իր տեսքով հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոնի գլխի պրոֆիլը:
Անսովոր լոտի համար գնորդը վճարել է 8000 դոլար, գրում է The Sioux City Journal-ը:
Ինչպես պատմել է հավի կտորի արդեն նախկին տիրուհին` Ռեբեկա Սփեյթը, նա տեսել է հավի կտորում ԱՄՆ նախագահի հետ նմանություն, երբ հավաքել է «Մակդոնալդսում» իր երեխաների կերած ուտելիքները: Դա 2009թ. էր: Այդ ժամանակից ի վեր կինը սառցարանում խնամքով պահել է հավի կտորը:
2012թ. փետրվարի վերջին Սփեյթը որոշել է աճուրդի հանել մսի կտորը` հանուն բարեգործության: Աճուրդի մեկնարկից քիչ անց eBay-ը այն հանել է վաճառքից` գտնելով, որ հին ու ժամկետանց է, սակայն ինչպես հայտնում է Associated Press-ը, ի վերջո թույլատրվել է կնոջը վաճառել «Վաշինգտոնի գլուխը», քանի որ կինը հայտարարել է, որ ուզում է վաճառել երեխաներին օգնելու նպատակով:
Ջորջ Վաշինգտոնը ԱՄՆ նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1789-1797թթ.:











































