«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Պետրոս Մակեյանը հիմնազուրկ է համարում կարծիքները, թե ՀԱԿ համամասնական ցուցակի շուրջ համաձայնության չգալու պատճառով կառույցում պառակտման գործընթաց է սկսվել: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով փաստին, որ ՀԱԿ չորս կուսակցություններ՝ Վաղարշակ Հարությունյանի «Ազգային վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի «Հայրենիք ու պատիվը», Սոս Գիմիշյանի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդը», և Հայ կամավորականների համախմբումը, հայտարարել են Կոնգրեսի համամասնական ցուցակում տեղերից հրաժարվելու մասին:
«Ես մասնակցել եմ Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի բոլոր քննարկումներին և պառակտման վտանգ չեմ զգացել: Ճիշտ է, համամասնական ցուցակի կազմման հետ կապված տարաձայնություններ եղել են, բայց դրանք պառակտման հիմք չեն»,- հավաստիացրեց նա:
Հարցին ի պատասխան՝ հնարավո՞ր է, որ վերոնշյալ չորս ուժերի ներկայացուցիչների դժգոհության պատճառը նրանց՝ ՀԱԿ համամասնական ցուցակի վերջին տեղերում ընդգրկելն է, Մակեյանը նշեց, որ ցուցակի համարների հերթականության հարց չի քննարկվել՝ ոչ կուսակցությունների, ոչ առանձին անձերի մասով:
Նշենք, որ ավելի վաղ ՀԱԿ չորս կուսակցություններ՝ Վաղարշակ Հարությունյանի «Ազգային վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի «Հայրենիք ու պատիվը», Սոս Գիմիշյանի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդը» և Հայ կամավորականների համախմբումը, հայտարարել էին Կոնգրեսի համամասնական ցուցակում տեղերից հրաժարվելու մասին:








































