Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մոհամեդ Խազաին Ժնևում անհանգստություն է հայտնել գաղտնի բանտերում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ.
«Համայն աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ստեղծվել են գաղտնի բանտեր ու կենտրոններ, ուր բանտարկյալներին ենթարկում են կտտանքների: Նմանատիպ բանտերի առկայությունը հակասում է միջազգային նորմերին ու մարդու իրավունքներին:
Ահաբեկչության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցները հանդիսանում են աշխարհի երկրների ընդհանուր նպատակը: Տեղեկատվություն ստանալու նպատակով բանտարկյալներին կտտանքների ենթարկելը հակասում է միջազգային նորմերին: Նմանատիպ գաղտնի կենտրոններում բանտարկյալները զրկված են բոլոր իրավունքներից, այդ թվում՝ նաև բուժման իրավունքից:
Իրանում ձեռնարկված են արդյունավետ վարչական, իրավական ու դատական միջոցներ՝ բանտարկյալներին կտտանքի ենթարկելը կանխելու համար: Այդ միջոցներն արտացոլված են երկրի Սահմանադրությունում և այլ օրենքներում»:










































