Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
ՀՀ պետական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ձևավորված ավանդույթի համաձայն` մարտի 2-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Դատական դեպարտամենտի ղեկավարության մասնակցությամբ, ՀՀ վարչական դատարանի դատավորներին ներկայացրել են նորանշանակ դատավորին:
Դատավորների հետ նման հանդիպումները միաժամանակ կրում են աշխատանքային խորհրդակցության ձևաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող մի շարք հարցեր: Այս հանդիպմանը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Վարչական դատարանի դատավորների հետ քննարկել է մի շարք կազմակերպչական հարցեր:
Ընդգծելով դատարանի ծանրաբեռնվածությունը` Վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն` 2010 թվականի համեմատությամբ 2011 թվականի ընթացքում Վարչական դատարանի գործերն ավելացել են ավելի քան 43 տոկոսով և սա այն դեպքում, երբ Վարչական դատարանի դատավորների կազմը կրճատվել է 3 դատավորով:
Յուրաքանչյուր դատավորի վարույթում 2011թ. ընթացքում եղել է ավելի քան 1200 վարչական գործ և 7000 վճարման կարգադրություն: Գործերի նման ծավալների արդյունքում դատավորները ստիպված են լինում դատաքննություններ նշանակել հայցադիմումներ ստանալուց ամիսներ անց, քանի որ, թեկուզ ֆիզիկապես, հնարավոր չէ այդ գործերն ավելի շուտ քննել: Գաղտնիք չէ նաև, որ նման ծանրաբեռնվածությունը կարող է բացասաբար ազդել դատական ակտերի որակի վրա:
Սրան զուգահեռ գործերի ավելացման աննախադեպ տենդենցը նկատելի է նաև 2012թ. առաջին երկու ամիսների ընթացքում: Միայն 2012թ. հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետության վարչական դատարան է մուտքագրվել 1798 վարչական գործ, իսկ 2011թ. նույն ժամանակահատվածում մուտքագրված գործերի քանակը կազմել է 877: Այսինքն, միայն այս երկու ամիսներին ծանրաբեռնվածությունը կրկնակի աճել է, ինչն իր հետ հանգեցնելու է Վարչական դատարանի դատավորների նույնքան ծանրաբեռնվածության ավելացման:
Նույն պատկերն է նաև վճարման կարգադրությունների վարույթներում: 2011թ. առաջին երկու ամիսներին Վարչական դատարանի դատավորներն ստացել են 8042 վճարման կարգադրության գործեր, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը հասել է 16409-ի:
Հանդիպման ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը միաժամանակ հայտնել է, որ հաշվի առնելով Վարչական դատարանի նշված գերծանրաբեռնվածությունը` ներկայում քննարկվում է Վարչական դատարանի դատավորների քանակի ավելացման հնարավորությունները, ինչն անպայման կնպաստի դատարանի արդյունավետ և բնականոն աշխատանքին:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, փաստելով, որ իրականում կատարվել է արդյունավետ աշխատանք, դատավորների ուշադրությունը հրավիրել է դատական պրակտիկայում հաճախ հանդիպող մի շարք թերությունների վրա:
Խորհուրդ է տրվել չափազանց ուշադիր լինել հատկապես հայցի ապահովման միջոցներ կիրառելիս, ժառանգության գործեր քննելիս, հատկապես նոտարական գործողությունների վիճարկման լույսի ներքո այնպիսի վեճեր վարույթ ընդունելուց, որոնց հիմքում ըստ էության ընկած են ժառանգական իրավահարաբերությունների ոլորտում ժառանգների միջև ծագած վեճեր, քանի որ նման գործերը չեն մտնում Վարչական դատարանի իրավասությունների մեջ:
«Հորդորում եմ զերծ մնալ նաև դրամական միջոցների վրա արգելանքների կիրառման այնպիսի դեպքերից, որոնք կարող են կազմալուծել առևտրային ընկերությունների գործունեությունը, հատկապես, եթե դրանց չկիրառումը որևէ կերպ չի կարող խոչընդոտել կամ անհնարին դարձնել կայացվելիք դատական ակտերի կատարումը»,- հայտնել է Ե. Խունդկարյանը:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատավորների ուշադրությունը հրավիրել է և հորդորել բացառել այն դեպքերը, երբ վճիռներում դատավորը գնահատական է տալիս այնպիսի իրավահարաբերության, որը դուրս է Վարչական դատարանի լիազորությունների շրջանակից:








































