NEWSru Israel-ի փոխանցմամբ՝ գերմանական Die Welt թերթում հրապարակվել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերլուծաբան և նախկին չինովնիկ Հանս Ռյուլեի հոդվածը, որում ասվում է.
«Իրանի միջուկային մշակումների չեզոքացման ուղղությամբ միջազգային հանրության գործադրած ջանքերը ձախողվել են: Իրանն իր միջուկային փորձարկումներն իրականացրել է դաշնակից երկրների տարածքում, իսկ իրանցի ատոմագետները, ինչպես երբեք, մոտ են միջուկային ռումբի ստեղծմանը:
Այս ամենը հենված է Պաշտպանական հետազոտությունների շվեդական ինստիտուտի գիտնական Լարս Էրիկ դե Գեերի հաշվետության վրա: Վերջինս 2010 թվականին անալիզի է ենթարկել Ռուսաստանում, Ճապոնիայում ու Հարավային Կորեայում օդից վերցված նմուշները՝ պարզելու համար մթնոլորտում ռադիոակտիվ իզոտոպների բաղադրությունը:
Դրա արդյունքում շվեդ գիտնականը եկել է այն եզրահանգման, որ 2010 թվականին Հյուսիսային Կորեայի տարածքում երկու անգամ իրականացվել են միջուկային փորձարկումներ, ընդ որում՝ դրանց ժամանակ օգտագործվել են ոչ թե պլուտոնային միջուկ ունեցող ատոմային ռումբեր, ինչը բնորոշ է հյուսիսկորեական հետազոտություններին, այլ՝ հարստացված ուրանով ատոմային ռումբեր:
Գիտնականը համոզված է, որ եթե Հյուսիսային Կորեայի տարածքում իրականացված միջուկային փորձարկումներն իրականացվեին այդ երկրի սեփական միջուկային ծրագրի շրջանակներում, ապա հավանաբար նա չէր թաքցնի այդ փաստը:
Միևնույն ժամանակ 2003 թվականին ամերիկյան հետախուզության հրապարակած հաշվետվությունը, թե Իրանի միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ, Իրանին հնարավորություն ընձեռեց շարունակել իր ռազմական մշակումները՝ Հյուսիսային Կորեայի հետ սերտ համագործակցության պայմաններում և 2010 թվականի փորձարկումների իրականացման համար կուտակել անհրաժեշտ քանակությամբ ուրան:
Վերլուծելով այդ փաստերը, դե Գեերը եկել է այն եզրակացության, որ նմանատիպ միջուկային լիցքի օգտագործման համար առկա է երկու հնարավոր տարբերակ. ա) հավանաբար Հյուսիսային Կորեան գաղտնի աշխատանքներ է իրականացրել ուրանային ռումբի ստեղծման վրա, բ) չի բացառվում, որ առնվազն մեկ փորձարկումը Փհենյանն իրականացրած լինի Թեհրանի պատվերով:
Դեռևս ֆիզիկոսի տեսությունը պաշտոնապես չի հաստատվել: Նրա գործընկերները վստահեցնում են, որ բերված փաստարկները բավական չեն միանշանակ եզրակացություններ կատարելու համար»:









































