ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին կշնորհի Ազատության մեդալ: Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, այդ մասին Օբաման հայտարարել է ամերիկա-իսրայելական հասարակական կապերի ամենամյա համաժողովի ժամանակ (American Israel Public Affairs Committee, AIPAC):
Օբամայի խոսքով` պարգևատրան արարողությունը տեղի կունենա գարնանը Սպիտակ տանը:
«Շատ առումներով այդ մրցանակը համարվում է մեր երկրների միջև գոյություն ունեցող լայն կապերի խորհրդանիշ: ԱՄՆ-ն ու Իսրայելն ունեն ընդհանուր հետաքրքրություններ, սակայն ընդհանուր են մեզ համար նաև այն մարդկային արժեքները, որոնց մասին խոսել է Շիմոնը` մարդկային արժանապատվության պաշտպանությունը, հավատն առ այն, որ ազատությունը Աստծո բոլոր էակներին շնորհված իրավունք է»,- հայտարարել է նա:
Նա նաև ընդգծել է, որ այդ արժեքները ներառված են «դեմոկրատիա» հասկացության մեջ` որպես իշխելու միակ ձև, որը պատասխանատու է քաղաքացիների ձգտումների համար: Օբամայի խոսքով` դա քաջ գիտակցել են թե’ ԱՄՆ, թե’ Իսրայելի հիմնադիր հայրերը:
ԱՄՆ նախագահի կողմից շնորհվող Ազատության մեդալը համարվում է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևը: Այն շնորհում են նախագահի որոշմամբ` ԱՄՆ ազգային անվտանգության ու հետաքրքրությունների շրջանակում ունեցած ավանդի համար:









































