Այս ժամանակահատվածը կարելի է բնութագրել որպես ուժերի ծրագրային դրույթների վերջնական ձևավորման շրջան: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Այս ժամանակահատվածում քաղաքական որոշ ուժեր կարող են գնալ նախընտրական միավորումների: Գաղափարական միավորումներն ավելի բարդ են և կարող են, որպես այդպիսին, չլինել: Միաժամանակ, արդեն իսկ ականատես ենք միավորումների ու դաշինքների, և կարծում եմ` դրանք կլինեն նաև առաջիկայում:
Իրատեսական եմ համարում, օրինակ, «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների նախընտրական դաշինքը»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակին` պատգամավորը նկատեց, որ ցուցակում կլինեն նոր մարդիկ: «ՀՀԿ համագումարից հետո կուսակցության ցուցակները բոլորին հասու կդառնան: Մենք հանդես կգանք ՀՀԿ-ին վայել ցուցակով: Միաժամանակ պարտադիր չէ, որ ցուցակը հրապարակենք հենց համագումարի ընթացքում: Կլինեն նաև որոշակի շեշտադրումներ` մեր կարգախոսի հետ կապված»,- ասաց Հովհաննես Սահակյանը` հավելելով, որ ՀՀԿ-ն արդեն իսկ գործի է դրել իր ռազմավարությունը:
«Միաժամանակ, վարչապետի այցերը մարզեր չպետք է դիտարկել որպես նախընտրական քարոզարշավ»,- ասաց Հովհաննիսյանը:
Պատգամավորի խոսքով՝ նոր գումարման ԱԺ-ն կլինի մեկ քայլ առաջ, կուսակցություններն առավել գաղափարական աշխատանք կիրականացնեն:
«Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա նրա հանդեպ հետաքրքրությունը որոշ առումով նվազել է: Վերջին հանրահավաքների սակավամարդությունը դրա վկայությունն է:
ՀԱԿ-ը պետք է վերանայի իր ռազմավարությունը, որպեսզի մայիսի 7-ի արշալույսն իր համար պայծառ լինի: ՀԱԿ-ը նման է «Տիտանիկ»-ին, որը կործանվեց նավապետի սխալի պատճառով: Երկու տարի առաջ նրա ունեցած հնարավորություններն այսօր կիսվել են` կազմելով շուրջ 7-8 տոկոս: Չեմ բացառում, որ հաջողություններ չունեցած քաղաքական ուժերը փորձելու են սևացնել ընտրությունների արդյունքները»,-ասաց նա:






































