Վրաստանի ԱԳՆ-ը Ռուսաստանին կոչ է արել Վրաստանի տարածքի կոնֆլիկտային գոտիներում ուժ չգործադրելու պարտավորությունն իր վրա վերցնել: Հայտարարությունը տարածվել է մարտի 4-ին Գանմուխար գյուղում աբխազական կողմից վրացական դիրքերի վրա հարձակում գործելուց հետո: Այս մասին գրում է apsny.ge-ն:
«Զինված սադրանքը ևս մեկ անգամ հաստատում է Վրաստանի այն պահանջը, ըստ որի՝ տարածաշրջանում իրադրության ապակայունացումից խուսափելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանն իր վրա ուժ չգործադրելու պարտավորություն վերցնի, համագործակցի ԵՄ մոնիթորինգային առաքելության հետ, ինչպես դա անում է Վրաստանը»,- նշվում է Վրաստանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ:
Վրաստանի ԱԳՆ–ը տեղեկացրել է, որ մարտի 4-ին, ժամը 03:20–ին՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի տարածքից Վրաստանի տարածք ներխուժած վեց դեսանտայիններ կրակ են բացել վրացական դիրքերի ոստիկանների ուղղությամբ: Մոտ 10 րոպե տևած կրակոցների արդյունքում ոչ ոք չի տուժել: Հարձակվողները նահանջել են Աբխազիայի տարածք:







































