ՀՀ բնապահպանության նախարարություն թափոնների վերաբերյալ տարեկան վարչական վիճակագրական հաշվետվություններ ներկայացրել են 2009թ.-ին` 633, իսկ 2010թ.-ին` 678 կազմակերպություն: Վտանգավոր թափոններ առաջացել են 2009թ.-ին` 392, իսկ 2010թ.-ին` 406 կազմակերպություններում, դրանց առաջացրած վտանգավոր թափոնները կազմել են 2009թ.-ին` 47,630.1 տոննա, իսկ 2010թ.` 48,297.7 տոննա:
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ միայն արդյունաբերությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների թիվը կազմել է շուրջ 2500, որոնց ընդամենը 7%-ն է ներկայացրել վտանգավոր թափոնների վերաբերյալ հաշվետվություն:
ԱԺ վերահսկիչ պալատի կողմից անցած տարի իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ԲՆ-ը պատշաճ հսկողություն չի իրականացրել վտանգավոր թափոնների գործածության համար սահմանված նորմերի, բնապահպանական վարչական վիճակագրություն վարելու և հաշվետվություններ ներկայացնելու կարգի պահպանման նկատմամբ, թափոնների փոխադրումը և տեղադրումն իրականացվել է առանց համապատասխան լիցենզիաների, իսկ թաղման դեպքում առանց ընդերքօգտագործման հատուկ թույլտվությունների, չի վերահսկվել բնապահպանական և ընդերքօգտագործման օրենսդրության նորմերի կատարումը, չեն արձանագրվել խախտումները, չեն կիրառվել պատժամիջոցներ:
Մասնավորապես, ՎՊ հաշվետվության համաձայն՝ թռչնաբուծությամբ զբաղվող 7 խոշոր կազմակերպություններում թռչունների տարեկան միջին քանակը կազմել է 3 մլն 35 հազ. հատ: Ըստ հաշվարկների, տարեկան կտրվածքով, միայն թռչնի ծերտից առաջանում է շուրջ 55 հազ. 370 տոննա 4-րդ դասի վտանգավորության թափոն: Մինչդեռ, ըստ վարչական վիճակագրական հաշվետվությունների՝ այդ կազմակերպությունները առաջացրել են 13.8 տոննա վտանգավոր թափոններ, որի համար վճարված ընդհանուր բնապահպանական վճարը կազմել է տարեկան ընդամենը 100 հազար դրամ:
Լիցենզավորված 2793 առողջապահական կազմակերպությունների միայն 4.4 տոկոսն է ներկայացրել «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» տարեկան վարչական վիճակագրական հաշվետվություն: Ժամկետանց թունաքիմիկատները և քիմիական թափոնների պահպանումը իրականացվում է ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով:
ՀՀ բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների և ԱԻՆ կողմից միջոցներ չեն ձեռնարկվել հարստացուցիչ ձեռնարկությունների պոչամբարներում կուտակված թափոնների վտանգավորության դասը որոշելու համար, մինչդեռ ձեռնարկությունների ներկայացրած հաշվետվություններում թափոնները դասվել են կամ որպես ոչ վտանգավոր, կամ ընդհանրապես պոչամբարների պարունակությունը որպես թափոն չի դիտարկվել: Արդյունքում որևէ բնապահպանական վճար չի վճարվել:











































