Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան, ով այժմ մարզում է ԱՄԷ-ի «Ալ-Վասլ» ակումբը, AS-ին տված հարցազրույցում նշել է, որ «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պետք է տեղափոխվի Մադրիդի «Ռեալ».
«Ագուերոն պետք է տեղափոխվի «Ռեալ»: Անգլիական թիմում նա այլևս չի կարող բարելավել իր խաղը: Չնայած, որ նա հաջող է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում, «Ռեալ» տեղափոխությունը ճիշտ որոշում կլիներ: Իհարկե, դժվար կլինի նրա տրանսֆերը ձեռք բերելը, քանի որ Ռոբերտո Մանչինին Սերխիոյի հետ մեծ հույսեր է կապում: «Ռեալ»-ը միշտ կարողանում է հասնել իր նպատակին»:
Հիշեցնենք, որ երբ Ագուերոն լքում էր «Ատլետիկո»-ն, մադրիդյան ակումբների ղեկավարների միջև կար համաձայնություն, ըստ որի` Պերեսը չի փորձելու արգենտինացի հարձակվողին «արքայական ակումբ»-ի կազմ հրավիրել:
Marca-ի փոխանցմամբ Լա Լիգայի գործող առաջատարի ղեկավարությունը ցանկանում է բանակցություններ սկսել «քաղաքայիններ»-ի հետ և պատրաստ է առաջարկել 45 մլն ֆունտ:









































