Եգիպտոսի Ազգային ժողովի խոսնակ Սաադ Ալ-Քաթատնին եգիպտական կառավարությունից պահանջել է պարզաբանել անօրինական ֆինանսավորման մեջ մեղադրվող օտարերկրացիների Եգիպտոսից հեռանալու հանգամանքները:
«Անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր թույլ են տվել այդ մարդկանց լքել երկրի սահմանները»,- ասել է Քաթատնին շաբաթ օրը կայացած խորհրդարանական նիստի ժամանակ: Նրա խոսքերով՝ խորհրդարանը մարտի 11-ին այս գործի կապակցությամբ հատուկ լսումներ կանցկացնի, որոնց կհրավիրվի նաև վարչապետ Քամալ Ալ-Գանզուրին:
Օտարերկրյա քաղաքացիները, ովքեր մեղադրվում էին Եգիպտոսի ոչ կառավարական կազմակերպությունների անօրինական ֆինանսավորման մեջ, հինգշաբթի երեկոյան լքել են երկիրը: Նրանք Կահիրեի օդանավակայանից հեռացել են մասնավոր ինքնաթիռով, որն ուղարկել էր ԱՄՆ-ը:
Ավելի վաղ Եգիպտոսի իշխանությունները հանել էին օտարերկրացիների երկրի սահմաններից դուրս գալու արգելքը: Մինչ այդ եգիպտական իշխանությունները թույլ չէին տալիս նրանց հեռանալ երկրից` հիմնվելով այն հանգամանքի վրա, որ իրավական գործընթացը դեռևս ավարտված չէ:
Եգիպտական ԶԼՄ-ները նշել են, որ Եգիպտոսի ոչ կառավարական կազմակերպությունների ամերիկացի աշխատակիցների շուրջ ծավալված գործընթացը կարող էր բացասաբար ազդել Կահիրեի և Վաշինգտոնի հարաբերությունների վրա, այդ պատճառով եգիպտական իշխանությունները շահագրգռված էին հարցին շուտափույթ լուծում տալ: Դրա հետ մեկտեղ որոշ քաղաքական գործիչներ քննադատել են իշխանությունների գործելակերպը` նշելով, որ այն շրջանցել է դատական համակարգը:









































