ԱԺ վերահսկիչ պալատն օրերս հրապարակել է անցած տարի ՊԵԿ հարկային ծառայության տարածքային ստորաբաժանումներում կատարած ստուգումների արդյունքները:
Ըստ զեկույցի՝ տեսչություններում հաշվառված 41 կազմակերպությունների իրացման շրջանառությունները (միայն 2010 թ.` 1 մլրդ 47 մլն 290.2 հազ. դրամ) չեն համարվել ԱԱՀ-ի հարկման օբյեկտ, որի արդյունքում տեսչությունների կողմից եկամուտները հավաքագրվել են համապատասխան չափով պակաս: Կենտրոնի և Մյասնիկյանի ՀՏ-ներում գրանցված գիշերային ժամերին գործող 6 հանրային սննդի (բարեր) գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաշվարկված հաստատագրված վճարների նկատմամբ չի կիրառվել օրենքով նախատեսված լրացուցիչ 2 գործակիցը, որի հետևանքով կազմակերպությունների հաստատագրված վճարները հաշվարկվել են կրկնակի անգամ պակաս: «Ունիկում-Արմենիա» և «Շին Էքսիմ» ՍՊԸ-ներում իրականացված չափագրման ընթացքում խախտվել է ստուգումների կազմակերպման կարգը` չափագրումը սահմանված 2-5 աշխատանքային օրերի փոխարեն իրականացվել է 1 օր: ՎՊ մասնագետների եզրահանգմամբ՝ նման չափագրման արդյունքները ստուգում իրականացնելիս չեն կարող հիմնավոր և էական լինել: Այս պարագայում չափագրման գործընթացը դառնում է ինքնանպատակ:
Հարկային ծառայողները խտրական մոտեցում են ցուցաբերել նաև հարկերը, պարտադիր սոցապվճարները ուշացրած 53 կազմակերպություններից 37-ի նկատմամբ՝ չկիրառելով վարչական տուգանք:
Այժմ Հարկային մարմինը պետք է մեկամսյա ժամկետում ՎՊ-ին գրավոր տեղեկատվություն տրամադրի հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ:







































