Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի նամակագրությանն առնչվող WikiLeaks-յան բացահայտումներից մեկն առնչվում է 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Ազատության նավատորմի» միջադեպին, երբ թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանվեց Թուրքիայի 9 քաղաքացի:
Հիշեցնենք, որ այդ միջադեպից հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանն Իսրայելին անվանեց «ծովահեն», իսկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այն որակեց որպես «թուրքական սեպտեմբերի 11»՝ միջազգային հանրության ուշադրությունը բևեռելով այն փաստի վրա, որ իր երկրի քաղաքացիները սպանվել են այլ երկրի (Իսրայել) կանոնավոր բանակի կողմից: Ցայժմ Իսրայելը չի կատարել այդ միջադեպի կապակցությամբ թուրքական երեք պահանջները. ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել և վերացնել Գազայի հատվածի շրջափակումը:
Stratfor-ի հիմնադիր և տնօրեն Ջորջ Ֆրիդմանի կողմից 2010 թվականի հունիսի 16-ին ուղարկված էլեկտրոնային նամակում նշված է. «Թուրքերը լավ ծեծ կերան, իսկ իսրայելցիները հայտնվեցին շահեկան դիրքերում:
ա) Նախ այդ միջադեպը ցույց տվեց, որ Իսրայելը տակտիկական-հետախուզական հաղթանակ տարավ Թուրքիայի նկատմամբ: Թուրքերը չէին սպասում, որ իսրայելցի հատուկջոկատայինները կգրոհեին իրենց նավը: Ես խոսել եմ Ադրբեջանում Իսրայելի դեսպանի հետ, ով ինձ հայտնեց, որ իրականում այդ ճգնաժամն այնպիսին չէ, ինչպիսին որ երևում է, և որ իրենց ձեռնարկած այդ միջոցներն ուղղված են Թուրքիայի դեմ (և ոչ թե դեպի Գազայի հատված մարդասիրական օգնություն փոխադրող մուսուլման ակտիվիստների դեմ.- 1in.am):
Բացի այդ, տվյալ միջադեպը մեծ ճանապարհ հարթեց Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) միջև տարաձայնությունների առաջացման համար: Հետագա անելիքների շուրջ տարաձայնություններ ծագեցին նաև բուն ԱԶԿ ներսում:
բ) Թուրքիայի համար մեծ կարևորություն ուներ Իսրայելի հետ ռազմական համագործակցությունը: Թուրքիան իսրայելական անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) գործածում էր «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարում: Բացի այդ, Իսրայելն արդիականացնում էր Սառը պատերազմի ժամանակներից թուրքական բանակի ունեցած սպառազինությունը:
գ) Միջադեպը ցույց տվեց, որ ոչ ոք չի ընդունում Թուրքիայի լիդերությունը, թեև նա ձգտում է դառնալ իսլամական աշխարհի առաջնորդ: Միջադեպը վկայեց, որ Թուրքիան չի կարող իշխել ոչ մեկին: Գազայի հատվածի շրջափակմանը վերջ դնելու թուրքական պահանջին չաջակցեցին արաբական երկրները: Արաբական պետությունների լիգան որևէ ներդրում չունեցավ հակամարտության կարգավորման հարցում: Զրո խնդիր հարևանների հետ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը նույնպես չարժանացավ արաբական աշխարհի աջակցությանը:
Միջադեպը ոչ մի կերպ չամրագրեց իսլամական աշխարհի առաջնորդ դառնալու Թուրքիայի փորձերը, ավելին՝ Թուրքիան հետքայլ կատարեց այդ պլանում: Մինչդեռ Իսրայելն անցկացրեց քարոզչական հիանալի կամպանիա և կարողացավ շահել Եվրոպայի հասարակական կարծիքի համակրանքը: Թուրքական կառավարությունն արդեն իսկ զգում է Իսրայելի հետ կապերը խզելու հետևանքները»:







































