Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն և նրա եղբայրը` Ռաուլը, որն այժմ Կուբայի ղեկավարն է, այցելել են հիվանդանոցում գտնվող Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին. նա ենթարկվել է վիրահատության` հեռացվել է հերթական քաղցկեղային գոյացությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին:
Twitter միկրոբլոգերի իր էջում Վենեսուելայի տեղեկատվության և կապի նախարար Անդրես Իսարան գրել է, որ Կաստրոները Չավեսի հիվանդասենյակում անցկացրել են մոտ երկու ժամ: Նախարարը նաև հրապարակել է նրանց հանդիպման լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես են Կաստրոն և Չավեսը շփվում միմյանց հետ:
Իսարան նաև տեղեկացրել է, որ այդ հանդիպման ժամանակ Չավեսը հեռախոսազանգ է ստացել Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆից, որը նրան շուտափույթ ապաքինում է մաղթել:









































