Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպի մոտիվներով բրիտանական բեմադրությունը մարտի 15-ին կներկայացնեն «Բարբիկան» լոնդոնյան արվեստի կենտրոնում: Անգլերենով ներկայացման ռեժիսորը հայտնի դերասան և գրող Սայմոն Մաքբերնին է, ով ղեկավարում է Complicite թատրոնը և համարվում է «մեծ նորարար»: Սիրո, կարեկցանքի և գթության թեմաները ներկայացման ստեղծողների կողմից դիտարկվում են երեք զուգահեռ պատմությունների շրջանակներում: Գործողություններից երկուսը տեղի են ունենում Մոսկվայում՝ անցած դարի 30-ական թվականներին, իսկ երրորդ պատմությունը տեղափոխված է Երուսաղեմ և ներկայացնում է Քրիստոսի կյանքի վերջին օրերը։
Ինչպես նշում են տեղի քննադատները, Complicite թատրոնի ներկայացումներն առանձնանում են տեսարանների ինքնատիպ և մանրամասն մշակմամբ, վիզուալ հատուկ էֆեկտների համադրությամբ և ուսումնասիրվող թեմաների փիլիսոփայական դիտարկմամբ: Թատրոնը հիմնադրվել է Մաքբերնի կողմից՝ 1983 թվականին, և բազմաթիվ փառատոնների մրցանակակիր է:









































