ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում այսօր մամլո ասուլիս տվեց.
– Հայաստանի հավաքականը վերջին 4 ամսվա ընթացքում առաջին հանդիպումներն անցկացրեց, որոնց ներկա էիք նաև Դուք: Ի՞նչ տպավորություն թողեց ազգային թիմում առկա մթոնոլորտը:
– Ընկերական խաղերի իմաստն այն է, որ գլխավոր մարզիչը հասկանա, թե ինչ խնդիրներ կան, ինչ ֆուտբոլիստներ պետք է օգտագործել և կողմնորոշվի կազմի հարցում: Ես շատ ավելի ուրախ եմ Սերբիայի դեմ խաղից հետո: Այդ խաղում հիմնականում երիտասարդ խաղացողներ էին խաղում: Հրավիրել էինք նաև դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանին, որին երեք տարվա ընդմիջումից հետո տեսանք հավաքականում: Ես ասում էի, որ Օզբիլիսը խաղալու է, բայց մեր ժողովուրդը թերահատավատորեն էր նայում: Նա փայլուն խաղաց, իսկ մեր հավաքականը համալրվեց ևս մեկ լավ ֆուտբոլիստով:
– Սերբիայի դեմ խաղում ավելի երիտասարդ կազմով խաղացինք, քան Կանադայի: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
– Որոշումը կայացրել է մարզիչը և ես համաձայն եմ: Կանադայի հետ խաղը վարկանիշային էր, իսկ Սերբիայի հետ խաղում փորձում էինք երիտասարդներին: Ընկերական հանդիպումները ֆուտբոլիստներ փորձարկելու համար են, բայց մեր երկրպագուները հաղթանակ են ուզում նաև ընկերական խաղում, և մենք այն ապահովեցինք:
– Իտալիայի հավաքականի հետ խաղը տեղի կունենա «Հրազդան» մարզադաշտում: Ի՞նչ աշխատանքներ կտարվեն այնտեղ:
– Կփոխվեն խոտածածկը, կվերանորոգվեն հանդերձարանները, կփոխենք լույսերը: Առաջիկա 5-6 տարվա ընթացքում «Հրազդան»-ը լավ տեսքի կբերվի:
– Նորայր Մամեդովն ինչպե՞ս հայտնվեց հավաքականի ուշադրության կենտրոնում և ինչու՞ չեկավ:
– Մեր հավաքականն ունի բաժին, որը կոչվում է հավաքականի տնօրինություն: Նրանք հետևում են բոլոր պատանի երիտասարդ ու բոլոր տարիքի ֆուտբոլիստներին, որոնց ներկայացնում են մարզիչներին: Անցած տարի 100-ից ավելի պատանի ֆուտբոլիստ էինք հրավիրել Ավանի ակադեմիա: Լրատվամիջոցներն էլ են օգնում այդ հարցում: Նորայր Մամեդովին վաղուց էինք հետևում: Չգալու պատճառները մի քանիսն են. նա չի ցանկանում այդ ազգանունով հանդես գալ, բայց երազում է Հայաստանի հավաքականում խաղալու մասին:
– Հավաքականի ֆուտբոլիստներն հեռանկար ունե՞ն արտասահմանում խաղալու հետ կապված:
– Հավաքականի 20 ֆուտբոլիստ կարող է եվրոպական երկրներում խաղալ, պարզապես սերբերի, ռումինացիների նման PR արված չեն: Այդ հարցում մեծ դեր ունեն Հենրիխ Մխիթարյանը, Մարկոսը, Յուրան:
– Բերեզովսկու տրանսֆերին ինչպե՞ս վերաբերվեցիք:
– Ուրախալի է, որ Բերեզովսկու պես դարպասապահը խաղալու է «Դինամո»-ում: Եվրոպայում 10 նման դարպասապահ չկա: Նա փայլուն մարդ է և ամեն ինչի արժանի տղա է: Նա հազվագյուտ և անփոխարինելի մարդ է:
– Ապուլա Բետեն կխաղա՞ հավաքականում:
– Մտածում եմ: Ավելի լավ է Մելիքսեթյանին բերել, ով ցանկանում է խաղալ հավաքականում: Արժե՞ փակել դիրքը, բայց փչացնել մթնոլորտը:







































