Թուրքական Samanyolu Haber կայքի փոխանցմամբ` Հրանտ Դինքի սպանությունը ծրագրելու համար 2012 թվականի հունվարի 17-ին ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալը հայտարարել է, որ Դինքի սպանության գործով պետք է պատասխանատվության ենթարկվեն Տրապիզոնի ժանդարմերիայի աշխատակիցները.
«Հենց ժանդարմերիայի հրամանատարներն են ինձ խորհուրդ տվել հաճախակի հանդիպել Էրհան Թունջելին և Օգյուն Սամասթին և մշտական կապի մեջ մնալ նրանց հետ: Նրանք ընդգծել են, որ Թունջելն ու Սամասթը լավ երեխաներ են: Դինքի սպանության հարցով ես գործելու հրամանը ստացել եմ Էրհան Թունջելի միջոցով:
Այժմ եթե քրեական գործ չհարուցվի Ժանդարմերիայի աշխատակիցների դեմ, ապա ես պատրաստ եմ պատմել ամեն ինչ: Դինքի սպանությունից առաջ ես սկսեցի ավելի հաճախ այցելել Ժանդարմերիա, սակայն դատարանում պարզվեց, որ իմ այդ ելումուտը չի գրանցվել Ժանդարմերիայի այցելության մատյանում: Սպանությունից առաջ հաճախակիացել են նաև Էրհան Թունջելի այցերը»:
Հայալը հավելել է, որ իր երիկամը անառողջ վիճակում է, և որ մի շարք բանտապահներ այս 5 տարվա ընթացքում սպառնացել են իրեն:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարի 17-ին, Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունները քննող դատարանը վճռեց, որ Դինքի սպանությունը «չի հանդիսացել» ահաբեկչական կազմակերպության գործողությունների արդյունք:
Դատարանը Դինքի սպանությունը ծրագրելու համար Հայալին դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ Թունջելին արդարացրեց: Սակայն Թունջելը մեղավոր ճանաչվեց McDonald’s-ի ռեստորանի վերոնշյալ պայթեցման մեջ և դատապարտվեց 10 տարի և 6 ամիս ազատազրկման:
Ինչ վերաբերում է Օգյուն Սամասթին, ապա 2011 թվականի հուլիսի 25-ին Ստամբուլի 2-րդ անչափահասների ծանր հանցագործությունների դատարանը նրան «ծրագրված սպանություն իրականացնելու» և «ապօրինի զենք կրելու» համար դատապարտել է 22 տարի և 10 ամիս ազատազրկման։







































