Սպորտի և երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանն այսօր լրագրողներին ներկայացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերից մեկը՝ ապահովել երիտասարդ ընտանիքներին ավտոմեքենայով՝ մատչելի վարկավորմամբ։
«Ապրիլի 15-ից պաշտոնապես կմեկնարկի «Մատչելի ավտոմեքենա՝ երիտասարդ ընտանիքին» ծրագիրը, որը նախատեսվում է շուրջ 500 մլն դրամագլուխ հատկացնել ծրագրին։ Բնականաբար՝ համապատասխան պահանջարկի առկայության դեպքում այն կունենա շարունակություն»,- նշեց բանախոսը:
Նա նաև ասաց, որ կա նախնական պայմանավորվածություն Kia Motors ընկերության հետ, որը երիտասարդներին կտրամադրի ինը տեսակի ավտոմեքենա՝ սկսած 5 մլն դրամից: Մեքենաները կվարկավորվեն հինգ տարվա երաշխիքով կամ 150.000 կմ վազքով:
Փոխնախարարի խոսքով՝ շուրջ 180 շահառուներից 120-ը կճանաչվեն վարկունակ, իսկ վարկի ամսական մուծման գումարը չի գերազանցի 62-ից 64 հազար դրամը։ Վարկավորվող ընտանիքի հանրագումարային տարիքը չպետք է գերազանցի 65-ը:
Նշենք նաև, որ ծրագիրն իրականացվում է գերմանահայկական հիմնադրամի հետ համատեղ:











































