Ինչպես հաղորդում է The world Bulletin-ը, Թուրքիան ջրային ռեսուրսների օպտիմալ օգտագործման ծրագրեր կիրականացնի բոլոր հարևան երկրների հետ, բացի Հայաստանից: Այդ ծրագրի շրջանակում ջրամբարտակներ կկառուցվեն սահմանների երկայնքով:
Ընդհանուր առմամբ Իրաքի, Հունաստանի, Բուլղարիայի, Սիրիայի, Իրանի և Վրաստանի հետ կկառուցվի 18 ջրամբարտակ: Առաջին ջրամբարտակի կառուցումը կսկսվի այս տարվա հունվարի 31-ին: Այս տեղեկությունները փոխանցել է կառավարության մի պաշտոնյա, որը չի ցանկացել ներկայանալ:
Առաջին ջրամբարտակը կկառուցվի Օրոնտես (արաբերեն Ալ-Ասի.- 1in.am) գետի վրա, որը, հոսելով Լիբանանի, Սիրիայի տարածքով, հասնում է Թուրքիայի Հաթայ (Ալեքսանդրետի սանջակ): Ջրամբարտակի հիմնարկեքը կդրվի հունվարի 31-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի կողմից:
Ջրամբարտակներ կլինեն նաև Եփրատ, Տիգրիս (Իրաքի հետ), Մարիցա, Թունջա (Բուլղարիայի հետ), Սուակաջաղի (Հունաստանի հետ), Արաքս (Իրանի հետ), Քուռ (Վրաստանի հետ) գետերի վրա: