«Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի տոնում է իր հիմնադրման 20-ամյա հոբելյանը: Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի լրատվական ծառայությունից, հիմնադրամի անցած ուղին անբաժան մաս է անկախ հայրենիքի քսանամյա կենսագրության, որ կերտվել է հայոց պետականության կայացմանը զուգընթաց:
«Այս հոբելյանը խորհրդանիշն է հայրենիքի կարոտով միաբան աշխարհասփյուռ հայության ուժի ու անսահման նվիրումի` ի նպաստ հայրենի տան ու հողի շենացման, ի շահ նոր ու զորավոր հայրենիքի կայացման:
Այս տարիներին է, որ, միմյանց հաջորդելով, կյանք են առել ճանապարհներ, դպրոց ու հիվանդանոց, ջրագիծ ու գազատար, որոնց շնորհիվ նոր շունչ են ստացել Հայաստանի եւ Արցախի տասնյակ գյուղեր ու քաղաքներ, ուր բացվում են նոր ու լուսավոր ապագայի հեռանկարներ:
Ի սկզբանե նեցուկ լինելով հայոց պետականությանը՝ հիմնադրամը հավատարիմ է իր առաքելությանը և շարունակում է իր երթը զարգացում ապրող երկրի հետ միասին:
Այս տարիներին հիմնադրամն իրագործել է ավելի 235 միլիոն դոլար արժողությամբ կենսական կարևորության տարաբնույթ ծրագրեր` 476կմ ճանապարհ, 281 կմ ջրագիծ ու ջրատար, 144կմ գազատար, 230 դպրոց ու մանկապարտեզ, 424 տուն ու բնակարան
40 հիվանդանոց ու բուժկետ, 24 սպորտային ու մշակութային կենտրոն, 85 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր»,- նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:










































