Նոր տարին անցավ, սակայն ամանորյա քննարկումները դեռևս շարունակվում են: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կարծիքով, Նոր տարին մեզանում անբովանդակ մի տոն է դարձել՝ առանց տոնի խորհրդի. «Ինչպիսին մեր հասարակությունն է, այնպիսին էլ Նոր տարին է: Բոլոր տոներն էլ մեզ մոտ նույն կերպ են նշվում, ամեն ինչն է մեր կյանքում միօրինակ` նույն կերպ է թե՛ թաղումը, թե՛ հարսանիքը: Հեռուստատեսությունում նույն դեմքերն են, և բոլոր ալիքներով թափառող նույն մարդիկ»:
Բլեյանի գնահատմամբ, տոնական մշակույթի բացակայությունը պայմանավորված է կրթության պակասով: Նրա խոսքերով, պետք է հատուկ կրթական ծրագրեր ստեղծել և հենց դպրոցից երեխային սովորեցնել տոնի խորհուրդը:
Ամանորյա սեղանի ճոխության վերաբերյալ խոսելով՝ Բլեյանը նկատեց, որ տոնին նախապատրաստվելու, միասնական աշխատանքով ուտեստները պատրաստելու գաղափարը ևս վերացել է. «Պարոն Սամվել Ալեքսանյանը ամեն ինչի մասին մտածել է, դուք միայն փող ունեցեք և մեկ ժամում նրա «Երևան Սիթիում» տոնական սեղանի համար ամեն ինչ կգտնեք»:










































