Այսօր Բրազիլիայի ամենահայտնի քաղաքը՝ Ռիո դե Ժանեյրոն, տոնում է իր ծննդյան 447 տարին, ինչի համար քաղաքի հրուշակագործները 44 մ և 70 սմ երկարությամբ տորթ են պատրաստել:
Ռիո դե Ժանեյրոն արդեն վաղուց հատուկ ներկայացվելու կարիք չունի:
Այս քաղաքի մասին, որը բրազիլացիներն իրենք անվանում են«հրաշալի քաղաք», ուղեցույցի հազարավոր էջեր են գրվել շատ լեզուներով, որոնք մեկ անգամ չէ, որ կարդացվել են, քանի որ հենց միայն հանրահայտ բրազիլական կառնավալի ժամանակ երկիր է ժամանում ավելի քան 1 մլն զբոսաշրջիկ:
Ռիո դե Ժանեյրոյի հիմնական տեսարժան վայրերն են Լապայի կենտրոնական թաղամասը, Ֆլամենգոյի, Կոպակաբանայի, Իպանեմայի և Լեբրոնի ծովափերը, Տիժուկա քաղաքային բուսաբանական այգին, Կորկովադո սարը՝ Քրիստոսի արձանով, ինչպես նաև «Շաքարե գլուխ» քարափը: Իրենք՝ բրազիլացիները, ասում են, որ այս քաղաքն անհնար է նկարագրել, այն պետք է գոնե կյանքում մեկ անգամ տեսնել:
Եվ չնայած առկա բազմաթիվ խնդիրներին՝ սոցիալական անհավասարություն, հանցագործություն, ճանապարհային խցանումներ, քաղաքային հատակագծման սխալներ և այլն, քաղաքացիները շարունակում են այն անվանել «հրաշալի քաղաք»,- տեղեկացնում է ИТАР-ТАСС:









































