«Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունները բավական լայն սպեկտրով են համագործակցում և համագործակցելու են թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանցից հետո: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանը հայտարարեց «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:
«Ցուցակներ դեռևս չկան: Վաղը՝ «Ժառանգության», իսկ մարտի 11-ին «Ազատ դեմոկրատների» համագումարն է, որից հետո էլ պարզ կլինի` միավորվելո՞ւ ենք ընտրություններին ընդառաջ, թե՞ ոչ»,- նշեց նա:
Անդրադառնալով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մերժմանը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նկատեց, որ ողբերգություն չի եղել:
«Այս հարցը մեկ օրում չի լուծվելու։ Մենք աշխարհի համար դարձել ենք գործոն` նաև այս հարցով: Միաժամանակ, նույն Սահմանադրական խորհուրդը չի հերքել, որ իսկապես ցեղասպանություն եղել է»,- նշեց նա:
Ըստ Ալեքսանդր Արզումանյանի՝ գործընթացը հերթական հանգրվան էր Ցեղասպանության ճանաչման ճանապարհին: «Ջուրը չտեսած` պետք չէր բոբիկանալ, գործընթացն առկախված`օրինագծի մասին խոսել՝ որպես մեր դիվանագիտության հաղթանակի: Այստեղից էլ ծիծաղելի իրավիճակներ ստեղծվում` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի ձեռքն են համբուրում, նորածին երեխային Սարկոզի են անվանակոչում և այլն»,- ասաց Արզումանյանը:







































