«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է, որ իրենց կուսակցությունը թեկնածուներ է առաջադրելու միայն այն ընտրատարածքներում, որտեղ ունի համապատասխան մարդիկ»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Այս փաստն ուշագրավ է այն առումով որ վերջերս ԲՀԿ-ականները հայտարարեցին` Ծառուկյանը հանձնարարել է քննարկել բոլոր 41 ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու հարցը, քանի որ իրենք մտադիր են նման քայլ անել: Սակայն, ինչպես տեղեկացրել էր «Ժողովուրդ»-ը` կոալիցիոն վերջին նիստում Սերժ Սարգսյանի հետ զրույցի արդյունքում Ծառուկյանը հետ է կանգնել այս մտադրությունից:
Փաստորեն, հիմա արդեն նա բարձրաձայն խոստովանում է` կառաջադրվեն այնտեղ, որտեղ ունեն համապատասխան մարդիկ: Իսկ թե որ ընտրատարածքների մասին է խոսքը, նա չի մանրամասնել: Ներիշխանական խոսակցությունների համաձայն` Ծառուկյանին ասվել է, որ մեծամասնական ընտրակարգով յոթ-ութ տեղ են հատկացնում իրենց»:










































