Inosmi.ru–ն գրում է, որ, համաձայն հետախուզական ընկերության աշխատակիցների նամակագրության, Իսրայելը և Ռուսաստանը մի քանի տարի առաջ համաձայնություն են ձեռք բերել, ըստ որի՝ Իսրայելն իրանական հակաօդային պաշտպանության ծածկագրերի դիմաց ռուսներին տվել է այն անօդաչու թռչող սարքերի ծածկագրերը, որոնք վաճառել էր Վրաստանին:
WikiLeaks-ը հրապարակել է Stratfor ամերիկյան հետախուզական ընկերության աշխատակիցների նամակագրությունը, որի համաձայն՝ Իսրայելը և Ռուսաստանը պայմանավորվել էին փոխանակել պաշտպանական և հետախուզական սարքավորումների ծածկագրերը:
Հրապարակված փաստաթղթում հաստատվում է, որ Իսրայելը Ռուսաստանին հաղորդել է անօդաչու թռչող սարքերի«տվյալների փոխանցման ծածկագրերը», որոնք հրեական պետությունը վաճառել էր Վրաստանին: Դրա դիմաց Ռուսաստանն Իսրայելին տվել է Тор-М1 հրթիռային համակարգերի ծածկագրերը, որոնք մատակարարել էր Իրանին:
2009 թվականի փետրվարով թվագրվող փաստաթղթում Stratfor-ի աշխատակիցներից մեկը հաստատում է, որ «մեքսիկացի աղբյուրը» հանդիպման ժամանակ իրեն պատմել է այդ գործարքի մասին, որը կնքվել է մի քանի տարի առաջ՝ Ռուսաստանի և Իսրայելի միջև:
Դատելով փաստաթղթի տեղեկությունից` այդ գործարքը կատարվել է 2008 թվականի օգոստոսին ռուս-վրացական պատերազմից առաջ:









































