Արգենտինայի արդյունաբերության նախարար Դեբորա Գիորգին Ֆոլքլենդյան կղզիների շուրջ սրված հակամարտության պատճառով տեղական ընկերությունների ղեկավարներին կոչ է արել դադարեցնել բրիտանական ապրանքների ներկրումը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Արգենտինյան նախարարի հայտարարությանն արդեն արձագանքել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Նրա կարծիքով՝ Դեբորա Գեորգիի կոչն «անարդյունավետ է»:
«Մեծ Բրիտանիան Արգենտինայի գլխավոր ներդնողն է, և մենք ևս ներկրում ենք նրանց ապրանքները: Այդ իսկ պատճառով պատնեշներ կանգնեցնելը նրանց շահերից չի բխում: Նման մոտեցումը խնդրի լուծման ճիշտ տարբերակը չէ»,- ասել է Քեմերոնը:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ն արդեն կապվել է Լոնդոնում Արգենտինայի դեսպանատան հետ՝ այս հարցով բանակցելու համար:
Ֆոլքլենդյան կղզիների շուրջ կոնֆլիկտը, որն արգենտինացիներն անվանում են Մալվինյան, շարունակվում է 1982 թվականից և սրվել էր երկու տարի առաջ, երբ բրիտանական ընկերությունները կղզեխմբի մոտ սկսեցին նավթի մշակումը:







































