Փետրվարի 28-ին, ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի, Բաթումի Ս. Փրկիչ հայկական եկեղեցում կատարվել է հոգեհանգստի արարողություն, որի մասնակցել են Աջարիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցներ, հայկական կրթօջախների աշակերտներ և ուսուցիչներ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ արարողությունից հետո մասնակիցները ծաղկեպսակ են դրել եկեղեցու բակում գտնվող խաչքարին, ելույթ ունեցողները մեկ անգամ ևս նշել, որ նման ոճրագործությունների մոռացումը ծնում է նոր ցեղասպանություններ, մարդկության դեմ գործվող նոր հանցագործություններ:
Երեկոյան Բաթումի Բարեկամության տանը «Մեր ապագան» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել սումգայիթյան ջարդերին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրություն և քննարկում: Փետրվարի 26-ին նույն դահլիճում կայացել էր Խոջալուի դեպքերին նվիրված ֆիլմի ցուցադրություն, որի քննարկման ժամանակ ելույթ ունեցողները նշել են իրական փաստերը խեղաթյուրելու ադրբեջանական փորձերի ապարդյուն լինելը:
Միջոցառումները լուսաբանվել են վրացական Adjara TV և TV 25 հեռուստաալիքներով:











































