Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն խանգարի դեպի Նախիջևան ադրբեջանական գազի մատակարարումներին, ինչպես նաև Իրանի ու Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի մատակարարմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի և արդյունաբերության նախարար Նատիգ Ալիևը:
Վերջինս ընդգծել է, որ դեպի Իրան էներգապաշարների մատակարարման ծավալը մեծ չէ և չի կրում կոմերցիոն բնույթ, սակայն կարևոր է Նախիջևանի ապահովման տեսանկյունից. «Դրա համար էլ որևէ պատժամիջոց չպետք է ազդի Ադրբեջանից մատակարարումների վրա»:
Ալիևը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստվում է երրորդ երկրներին թույլ տալ իրենց հում նավթը փոխադրել «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթատարով, որով և նրանց նավթը կհասցվի Սև ծով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն Իրանի տարածքով տարեկան մոտ 350 միլիոն խորանարդ մետր գազ է մատակարարում Նախիջևանին: Բացի այդ, Ադրբեջանն Իրանին հատկացնում է էլեկտրաէներգիա՝ Նախիջևանին իրանական էներգամատակարարումների դիմաց:







































