Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Անդրկասպյան» գազատարի նախագծի իրագործումը կավելացնի Ադրբեջանի՝ որպես տարանցիկ երկրի հեղինակությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի և արդյունաբերության նախարար Նատիգ Ալիևը:
Վերջինիս խոսքերով՝ «Անդրկասպյան» գազատարի նախագծի համար պատրաստվելու է երկու փաստաթուղթ, որոնք կներկայացվեն նախագահ Իլհամ Ալիևին. «Դրանցից մեկը լինելու է եռակողմ փաստաթուղթ՝ Ադրբեջանի, Թուրքմենստանի և ԵՄ-ի միջև, և առնչվելու է «Հարավային գազային միջանցքին» աջակցելուն: Երկրորդ փաստաթուղթը «Անդրկասպյան» գազատարի նախագծի իրագործման վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև միջկառավարական համաձայնագիր է»:
Հիշեցնենք, որ 2011 թվականի սեպտեմբերի 7-ին ԵՄ-ը Եվրահանձնաժողովին մանդատ տրամադրեց «Անդրկասպյան» գազատարի նախագծի իրագործման վերաբերյալ Ադրբեջանի ու Թուրքմենստանի հետ բանակցություններ վարելու համար:










































