NEWSru Israel-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի նամակագրությանն առնչվող Wikileaks-յան բացահայտումներից մեկը վերաբերում է 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմին:
Stratfor-ի աշխատակիցներից մեկի ուղարկած նամակում նշված է, որ ռուս-վրացական պատերազմից քիչ առաջ Ռուսաստանը ստացել է վրացական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ծածկագրերը: Դրանք հատկացրել է այդ ԱԹՍ-երն արտադրած Իսրայելը՝ 2006 թվականին Իրանին հատկացված ռուսական Тор М-1 հակաօդային պաշտպանության համալիրների ծածկագրերը ստանալու դիմաց:
Ռուս-իսրայելական գործարքի մասին ամերիկացիներին հայտնի է դարձել Մեքսիկայում ունեցած գործակալից: Վերջինս հայտնել է, որ 2008 թվականի հուլիսին Վրաստանը դիմել է զենքի վաճառքով զբաղվող տեղի բարոններից մեկին՝ նոր ԱԹՍ-եր գնելու մտադրությամբ: Բացի այդ, վրացական կողմը ցանկացել է գնել ՆԱՏՕ-ական ծագում ունեցող հրետանային զինամթերք և երկու մարտական ուղղաթիռ:
Stratfor-ի աշխատակիցը գրում է, որ վրացիները համառորեն փորձել են գտնել նրան, ով իրենց կվաճառի անհրաժեշտ սպառազինություն և պատրաստ են եղել բարձր գին վճարել դրա համար, ինչը վկայում է, որ նրանք պատրաստվել են առաջիկա պատերազմին:
Հիշեցնենք, որ ռուս-վրացական հնգօրյա պատերազմը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 7-12-ը:










































