News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ ելույթ է ունեցել Վրաստանի խորհրդարանում, ուր և վրացական ընդդիմությունը նրան ու նրա թիմին մեղադրել են կոռուպցիայի մեջ:
«Միասնություն հանուն արդարություն» կուսակցության պատգամավոր Գեորգի Ցագարեիշվիլին Սաակաշվիլիին ցուցադրել է մի շարք տների լուսանկարներ, որոնք պատկանում են Սաակաշվիլիի հարստացած նախարարներին. ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլի, բենզինի մագնատ, նախկին նախարար, Սաակաշվիլիի ընկեր Դավիթ Կեզերաշվիլի, Գերագույն դատարանի նախագահ Կոտե Կուբլաշվիլի, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավա, պաշտպանության նախարար Բաչո Ախալայա և այլք:
Ցագարեիշվիլին Սաակաշվիլիին հիշեցրել է, որ վերջինս իր քաղաքական կարիերայի սկզբում՝ կառավարության նիստի ժամանակ, տվյալ ժամանակվա նախագահ Էդուարդ Շևարդնաձեին էր հանձնել նրա նախարարների տների լուսանկարները, և այժմ ինքը նույնն անում է Սաակաշվիլիի հետ:
Մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բագատուրիան Սաակաշվիլիին ցույց է տվել մի փաստաթուղթ, որը նա լրացրել է 2004 թվականի փետրվարի 3-ին, երբ առաջին անգամ դարձել էր Վրաստանի նախագահ: Բագատուրիան նշել է, որ ըստ դրա՝ Սաակաշվիլիի ունեցվածքն այն ժամանակ ունեցել է հետևյալ տեսքը.
«Ձեր բնակարանը գնահատվել է 95,000 լարի (1 դոլարը հավասար է 1.66 լարիի): Դուք 9000 եվրո ունեցել եք Societe Generale և 3500 եվրո՝ ТBС բանկերում և ունեցել եք մեկ ռուսական սև «վիլիս»: Մինչդեռ այսօր դուք ամենահարուստ մարդն եք և վերահսկում եք նավթի ու ոսկու բիզնեսը, գովազդներն ու ԶԼՄ-ները: Ձեր հայրը բոլոր առողջարանների սեփականատերն է, իսկ ձեր մայրը մոնոպոլիստ է կրթական ոլորտում:
Ձեր կինը՝ Սանդրա Ռուլովսը, գումարներ է ստացել Բիձինա Իվանիշվիլիից: Մինչդեռ «Պետական ծառայության մասին» օրենքով՝ պետծառայողների ընտանիքի անդամներին արգելվում է 1000 լարին գերազանցող նվերներ ստանալը: Մինչդեռ Ռուլովսը 2009 թվականին ստացել է 500,000, իսկ 2010 թվականին՝ մոտ 650,000 լարի»:
Ի պատասխան՝ Սաակաշվիլին Բագատուրիային անվանել է ծաղրածու, որն ակնհայտորեն ստում է: Նա հաստատել է, որ վերջին 8 տարիներին բարելավել է իր նյութական վիճակը, ինչը, սակայն, պայմանավորել է նրանով, որ հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի տնտեսությունն աճել է 10 անգամ:






































