Երբ Բարաք Օբաման լքի Սպիտակ տունը, նա կգնի Volt էլեկտրական մեքենա: Այս մասին ասել է ինքը` նախագահը, United Auto Workers արհեստակցական միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ փորձարկելով Volt ավտոմեքենան: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Թիկնապահներս թույլ չտվեցին վարել այն, սակայն ինձ դուր եկավ գտնվել նրա մեջ: Հաճելի էր: Համոզված եմ, որ իրոք հրաշալի է վարել այն: Իսկ 5 տարի անց, երբ ես այլևս նախագահ չեմ լինի, կգնեմ ու կվարեմ այն»,- ասել է Օբաման:
Օբաման պատահական չէ, որ անդրադարձել է էլեկտրական մեքենաներին, քանի որ նրա վարչակազմը մոտ 2 մլրդ դոլար է հատկացրել էլեկտրական մեքենաների ոլորտի զարգացմանը: Հանրապետականներն այդ որոշումը քննադատել են, քանի որ կարծում են, թե դա արդյունավետ չէ:









































