Եվրամիության որոշ պաշտոնյաներ, ովքեր նպաստել են Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելուն, չեն կարող մուտք գործել երկրի տարածք: Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամլո քարտուղար Անդրեյ Սավինիխը:
Բացի այդ, նա նշել է, որ Եվրամիությունում Բելառուսի մշտական ներկայացուցչը և Լեհաստանում Բելառուսի դեսպանը հետ են կանչվել Մինսկ` խորհրդակցության համար:
«Բելառուսում Եվրամիության մշտական ներկայացուցչին և Լեհաստանի դեսպանին առաջարկվել է գնալ իրենց մայրաքաղաքներ և իրենց ղեկավարությանը հայտնել բելառուսական կողմի կայուն դիրքորոշումը՝ պատժամիջոցների և ճնշումների վերաբերյալ»,- ասել է մամլո քարտուղարը:
Հայտարարությունը պատասխան քայլ է Եվրամիությանը, որն ընդլայնել է պատժամիջոցների կիրառումը բելառուսցի պաշտոնյաների նկատմամբ: ԵՄ-ում կարծում են, որ այդ պաշտոնյաները պատասխանատու են երկրում մարդու իրավունքների խախտման համար:








































