Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ ԵՄ-ի արտաքին հարցերով խորհուրդն ընդունել է մի փաստաթուղթ, որում գոհունակություն է հայտնել «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում ներառված Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի գրանցած առաջընթացի և ԵՄ-ի հետ նրանց հարաբերությունների ամրագրման կապակցությամբ:
ԵՄ-ը կարևորել է նախորդ տարվա սեպտեմբերին Վարշավայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» նիստում կովկասյան երկրների կողմից ստանձնած պարտավորությունների հետագա իրագործումը:
Կոնկրետ Ադրբեջանի մասով փաստաթղթում նշված է, որ ԵՄ-ը կարևորում է ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների և մասնավորապես ազատ արտահայտվելու և ազատ հանրահավաքներ անցկացնելու իրավունքների հարգման հարցերում առաջընթացի գրանցումը՝ որպես Ադրբեջանի հետ հետագա երկկողմանի հարաբերությունների խորացման կարևորագույն գործոն:
ԵՄ-ն այդ ամենն անհրաժեշտ է համարում 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ընկած ժամանակահատվածում: Բացի այդ, ԵՄ-ը Ադրբեջանին կոչ է անում հրավեր ուղարկել ԵԽԽՎ-ի քաղբանտարկյալների գծով հատուկ զեկուցող Քրիստոֆեր Շտրասերին (ադրբեջանական կողմն ամիսներ շարունակ հրաժարվում է մուտքի արտոնագիր տրամադրել նրան՝ պնդելով, թե երկրում չկան քաղբանտարկյալներ.– 1in.am):
ԵՄ-ը կարևորել է նաև կոռուպցիայի դեմ պայքարում հետագա ջանքերի գործադրումը՝ որպես բոլոր բարեփոխումներին ու արդիականացմանն ուղղված ջանքերի հաջողության առանցքային պայման:







































