Փետրվարի 28-ին Երևանում Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ:
Արձանագրելով վերջին շրջանում քաղաքական երկխոսության կայուն դինամիկան՝ կողմերը քննարկել են հայ-նորվեգական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության խթանման, մշակութային և կրթական փոխանակումների ակտիվացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նորվեգական աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նորվեգական կողմի խնդրանքով հայկական կողմը ներկայացրել է Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները և այդ կապակցությամբ արձանագրված դրական զարգացումները: Քննարկվել են միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հնարավորությունները:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:








































