Ամերիկյան ինտերնետ հսկա Yahoo!-ն Facebook սոցիալական ցանցից պահանջում է արտոնագրային վճարումներ կատարել իր տեխնոլոգիաներն օգտագործելու համար,- հաղորդում է PCWorld-ը:
«Yahoo!-ն պատասխանատվություն է կրում իր բաժնետերերի, աշխատակիցների և այլ շահագրգիռ կողմերի առաջ՝ իր մտավոր սեփականությունը պաշտպանելու համար: Մենք զգալի միջոցներ ենք ներդրել այդ նորարարություններում: Այդ կապակցությամբ… մենք պետք է պնդենք, որպեսզի Facebook-ը արտոնագրային համաձայնագիր կնքի, այլապես մենք ստիպված կլինենք պահանջել պաշտպանել մեր իրավունքները»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ընդ որում, Yahoo!-ն չի հստակեցնում, թե կոնկրետ ինչ տեխնոլոգիաների համար է փոխհատուցում պահանջում Facebook-ից: The New York Times թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ որոնոողական համակարգը պահանջում է վճարել գովազդի տեղադրման, անձնական տվյալների պահպանման մեխանիզմների և անձնական հաղորդագրությունների համակարգի աշխատանքների համար:
Yahoo!-ն Facebook-ին սպառնում է արտոնագրային պատերազմ սկսել, եթե սոցցանցը չկատարի իր պահանջը: Facebook-ի ներկայացուցիչնեհրը հայտնել են, որ առայժմ չեն հասցրել ամբողջությամբ ուսումնասիրել Yahoo!-ի պահանջները:









































