Փետրվարի 27-ին ասիական տարածաշրջանային այցելության շրջանակներում տարանցիկ այցով Հոնկոնգում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հոնկոնգի օրենսդիր խորհրդի նախագահ Հոն Յասպեր Ցանգ Յոկ-սինգի (Hon Jasper Tsang Yok-sing) հետ։
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Հոնկոնգի միջև տնտեսական համագործակցությանն առնչվող hարցեր: Հարաբերությունների զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը: Նախարար Նալբանդյանը օրենսդիր խորհրդի նախագահին տեղեկացրել է Հոնկոնգում ՀՀ պատվո հյուպատոսություն հիմնելու մտադրության մասին:
ԱԳՆ մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի Անվտանգության քարտուղար Ամբրոզ Լի Սիու Քվոնգի հետ (Ambrose Lee Siu-kwong)։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հոնկոնգի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունները:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաև Հոնկոնգի մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները և ներդրումային հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2011թ. դեկտեմբեր և 2012թ. փետրվար ամիսներին Հոնկոնգի գործարարների` Հայաստան կատարած այցերի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև այդ ոլորտում ձեռնարկվելիք քայլերը:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հոնկոնգից ժամանել է Սինգապուր, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության հետ:






































