Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ հակամարտությունների կարգավորման գծով Վրաստանի նախկին պետնախարար, պրոֆեսիոնալ ռեժիսոր Գեորգի Խաինդրավան ավարտել է «Պետական շիզոֆրենիա» անվանմամբ իր փաստագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները, որում պատմվում է 2005 թվականից հետո Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին.
«Դա մեր կյանքի փաստացի ժամանակագրությունն է՝ հենված ավելի վաղ ընդունված ժնևյան 11 կետերի վրա, որոնք բացատրում են պետական տեռորի էությունը: Ֆիլմում նկարագրված են սեփական ժողովրդի դեմ իշխանությունների իրականացրած հանցագործությունները. սպանություններ, զանգվածային հանրահավաքների ցրումներ, ապօրինի ձերբակալություններ, ցուցադրական դատավարություններ, մարդու իրավունքների ու Վրաստանի Սահմանադրության խախտումներ:
Ֆիլմում առկա են իշխանությունների սադիստական գործողությունները: Շիզոֆրենիան բխում է առաջին անձանցից և առաջին հերթին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից: Այդ ամենը պետական մեծ հանցագործություն է, պետական ահաբեկչություն: Դժվար է այդ ամենին նայելը: Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա Զատիկին: Ֆիլմը պետք է ուղարկվի արևմտյան այն երկրների կառավարություններին, ովքեր աջակցել կամ աջակցում են Սաակաշվիլիին»:
Հիշեցնենք, որ Խաինդրավան վրացական կառավարությանը հրաժեշտ է տվել ուղիղ 7 տարի առաջ:









































