Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը հանդես եկավ ընտրակարգերում փոփոխություն կատարելու առաջարկությամբ: Նրա հավաստմամբ՝ պրակտիկան ցույց է տալիս, որ մեծամասնականով ընտրվող թեկնածուներն են դառնում ամենամերժելի երևույթի՝ ընտրակաշառքի հեղինակը:
«Մասնավորապես ՀՀԿ-ն հայտարարեց, որ օլիգարխների ընդգրկումը ընտրացուցակներում պարունակում է բացասական երևույթ: Հույս ունենք, որ Հայաստանում վերջապես կանցկացվեն արդար ընտրություններ»,- ասաց նա:
ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը կարծում է, «ընտրական գործընթացը համահավասար գործընթաց է: Տարակարծությունները ընտրակարգի շուրջ են՝ թե որն է ՀՀ-ի համար ավելի հարիր և շահեկան»:
Նրա հավաստմամբ՝ և համամասնական, և մեծամասնական, և խառը ընտրություններն ունեն իրենց թերությունները:
«Հաշվի առնելով մեր սոցիալ-տնտեսական վիճակը, հասարակական ներգրավվածությունը, գաղափարական ծրագրային առանձնահատկությունները և շատ կուսակցությունների չկայացվածությունը՝ առաջարկում եմ պահպանել գործող ընտրակարգը՝ 41-90 հարաբերակցությամբ: Խնդիրները ընտրակարգի փոփոխությամբ չեն լուծվում»:
Մինչդեռ Լարիսա Ալավերդյանը շարունակեց պնդել, որ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ շատ են լինում թերությունները: «Չե՞ք տեսնում այն խնդիրները, որոնք առաջացել են մեծամասնականի ժամանակ: Եթե չեք տեսել՝ վատ է, իսկ եթե տեսել եք ու չեք կանխել՝ դա էլ է վատ: 5 տարի շարունակ մեծամասնականով առաջադրված պատգամավորները անցկացնում են միջոցառումներ՝ բարեգործության քողի տակ և բաժանելով ընտրակաշառք»:
Արտակ Զաքարյանի կարծիքով՝ մեծամասնական ընտրակարգը մարդկանց համար դեռևս արդիական է, և որևէ թերացում, սխալ կամ անթույլատրելի երևույթ ընտրակարգի փոփոխության հետ կապ չունի։









































