ՀՀ Ազգային ժողովը պետք է հայտարարություն ընդունի՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Ինչպես այսօր ԱԺ նիստին հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ «ԼՂ հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարությունը չընդունելը կանոնակարգի խախտում է:
«Եթե ադրբեջանական հակաքարոզչության դեմը չառնենք, մենք կնպաստենք, որ այդ նենգափոխության գործընթացը մեր դռանը չոքի»,- ասաց Ա. Ռուստամյանը՝ հավելելով, որ հետո հետևանքները վերացնելն ավելի դժվար կլինի:
Գերմանիայում տեղի ունեցող քննարկումները՝ Ֆրանսիային ԵՄ-ով փոխարինելու, և առաջարկը, որ Թուրքիան ընդգրկվի Մինսկի խմբում, ըստ Ա. Ռուստամյանի, պետք է կասեցնել, և քանի որ հենց Բունդեսթագում են ծավալվել այդ քննարկումները, ապա պետք է խոսել ՀՀ ԱԺ մակարդակով: «Անհետաձգելի պահանջ է կասեցնել այդ նենգափոխման գործընթացը: Հակառակ պարագայում նորանոր փաստերի առաջ ենք կանգնելու»,- ասաց Ա. Ռուստամյանը:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարծիքով՝ ԱԺ հայտարարություններն այդ խնդիրը արգելափակող չեն: Նա առաջարկեց ներկայացնել կոնկրետ գործնական քայլեր, որոնք ԱԺ-ն կարող է անել իր հնարավորությունների սահմանում:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահի կողմից հնչեցրած որոշ բնորոշումներ նսեմացնում են ԱԺ-ի և նրա կողմից ընդունված քաղաքական որոշումների դերը:











































