ՀՀԿ-ն ունեցել է կշիռ, ունեցել է ներուժ, բայց հեղինակություն երբեք չի ունեցել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իշխող քաղաքական ուժն այսպես գնահատեց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը` խոսելով նախընտրական պայքարի և ներքաղաքական զարգացումների մասին:
Նա նշեց, որ իր քննադատությունն ուղղված է ՀՀԿ-ին, քանի որ ժողովուրդն ընկած է պարտքերի տակ: «Եթե ժողովուրդը վերցնում է վարկ, պետք է լավ վիճակում լինի: Բայց քանի գնում, այնքան ավելի են պարտքերի մեջ հայտնվում: Պետք է ասել՝ եկեք շտկենք: Ով չի ընդունում ՀՀԿ-ին, նրան սպանում են տարբեր ձևերով`բարոյապես, հոգեպես: Մարդիկ, ովքեր լքում են իրենց հայրենիքը, սպանված են»,- նշեց Տ. Կարապետյանը` հավելելով, որ ՀՀԿ-ն լցոնումներով է առաջ գնում: Բանախոսը տեղեկացրեց, որ պայքարելու է, բայց, իր համոզմամբ, հաղթելու է ուժն ու փողը:
Համատեղ ասուլիսի մյուս բանախոսի՝ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ կուսակցության հեղինակության բաղադրիչներն են սկզբունքները, առաջնորդը, կենսագրությունը: Նա նաև չհամաձայնեց լրագրողների այն պնդումներին, թե մարդկանց ստիպելով են ՀՀԿ անդամատոմսեր բաժանում:






































