ՀԱԿ-ը մարտի 1-ին քաղաքական նոր գործընթաց է սկսելու: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Մարտի 1-ին անցկացնելու ենք այս տարվա մեր առաջին հանրահավաքը: Սա տարելիցի, հիշատակի հանրահավաք է լինելու, սակայն կունենա նաև լուրջ քաղաքական նշանակություն: Այդ հանրահավաքում ՀԱԿ-ը ներկայացնելու է առաջիկա երկու ամիսների իր գործունեությունը:
Մենք ակտիվորեն նախապատրաստվում ենք խորհրդարանական ընտրություններին, դրանք շատ կարևոր են, և հենց ԱԺ ընտրություններից հետո էլ Հայաստանը կամ բանդիտական վարչախմբի ձեռքում կմնա պատանդ, կամ էլ կանի ամեն բան՝ կռիվ տալու վարչակարգի դեմ»,- ասաց նա` հավելելով, որ ՀԱԿ-ի թիրախը լինելու են Սերժ Սարգսյանի վարչախումբը և մասնավորապես՝ ՀՀԿ-ն: «Կեղծիքների դեմ մոբիլիզացնելու ենք բոլոր ուժերը, աշխատելու ենք բողոքի ալիք բարձրացնելու ուղղությամբ»:
Ամփոփելով՝ Արման Մուսինյանը նկատեց, որ ՀԱԿ-ը հակված չէ հավատալ սոցհարցումների արդյունքներին, համաձայն որոնց՝ ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից հետո ՀԱԿ-ը երրորդ տեղում է. «ՀԱԿ-ը հասարակության մեջ ամենաբարձր վարկանիշն ունեցող ուժն է, և ամեն բան փոխվելու է հօգուտ հասարակության և ՀԱԿ-ի, իսկ ահա ՀՀԿ-ն կրիմինալ բնույթի քաղաքական ուժ է: Այդ պարագայում նա կգնար զիջումների` չմնալով վարչակազմի պահապանը»:











































