«Շալկե-04»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը, ով խփել է 12 գնդակ և դարձել ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլի լավագույն ռմբարկու, խոսել է «Եվրո-2012»-ին մասնակցող հավաքականների հնարավորությունների մասին:
«Մենք մի շարք հիանալի խաղեր անցկացրինք: Ֆանտաստիկ զգացողություններ ունեմ, քանի որ դարձել եմ ընտրական փուլի լավագույն ռմբարկու, բայց դա արդեն անցյալում է: Վերջին ընկերական հանդիպումը, որի ժամանակ մենք 0:3 հաշվով պարտվեցինք Գերմանիայի ընտրանուն, ինձ հիասթափեցրեց: Ուրախացնում է միայն այն, որ Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարն առջևում է: Գերմանիայի հավաքականի հետ հանդիպումը «Եվրո-2012»-ի շրջանակներում ինձ համար առանձնահատուկ է լինելու, քանի որ հանդես գալով Բունդեսլիգայում՝ ճանաչում եմ բոլոր գերմանացի խաղացողներին:
Շատ բարձր եմ գնահատում Դանիայի և Պորտուգալիայի ազգային հավաքականների հնարավորությունները, սակայն իմ կարծիքով Եվրոպայի չեմպիոն կդառնա Իսպանիայի ընտրանին, քանի որ վերջինս ունի աշխարհում ամենաուժեղ կիսապաշտպանական գիծը և հաղթանակ է տարել վերջին երկու խոշոր մրցաշարերում»,- ասել է Հունտելարը:








































