ԱՄՆ հովանավորությամբ այս տարվա հունիսին կայանալիք հայ-վրացական զորավարժանքները կարելի է համարել խիստ դրական քայլ, որն ուղղված է հայ-ամերիկյան և հայ-վրացական ռազմական համագործակցության ամրապնդմանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքով՝ որպես ուսումնական վարժանք, այն դրական ազդեցություն կունենա նաև հայկական բանակի մարտական պատրաստվածության վրա:
Փետրվարի 21-ից 23-ը ԱՄՆ կառավարության հովանավորությամբ և ՀՀ ԱԳՆ աջակցությամբ Երևանում անցկացված «Զանգվածային ոչնչացման զենքի փոխադրումը հայտնաբերելու և կանխարգելելու» հայ-վրացական շտաբային-հրամանատարական վարժանքների վերաբերյալ Ռ. Մեհրաբյանը նշեց, որ զանգվածային ոչնչացման զենքի խնդիրները տարածաշրջանային անվտանգության կարևորագույն հարցերից են` հաշվի առնելով նաև այն, որ մեր տարածաշրջանի հարակից երկրներում միջուկային անվտանգության խնդիրներ կան, եթե Իրանը տիրապետի ռազմական տեխնոլոգիաների:
«Միջուկային նյութերի փոխադրման տեսանկյունից մեր տարածաշրջանը, այդ թվում` Հայաստանը, կարող է դիտվել որպես տրանզիտային օղակ, և դրա կանխումը կարևոր է Հայաստանի համար: Իսկ եթե դրան աջակցում է նաև ԱՄՆ-ը, կարծում եմ` միայն դրական կարելի է գնահատել»:







































