Քեմբրիջի համալսարանի ուսանողները տարածել են մի դիմում, որտեղ հայտարարում են, թե չեն ցանկանում իրենց բուհում տեսնել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս Կաննին. նախատեսված է, որ մարտի 9-ից նա պետք է դասախոսի այդ բուհում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Դիմումի մեջ նշվում է՝ չի կարելի հրավիրել մի մարդու, որի դեմ շարունակվում է քննությունը: «Քեմբրիջի համալսարանի միության» անդամ Ռուդ Գրեհեմն ասել է, որ Ստրոս Կաննի դասախոսությունը իրենց բուհում վիրավորական կլինի բոլոր այն կանանց համար, ովքեր ենթարկվել են սեռական բռնության: Արդեն 370 ուսանող միացել է ստորագրահավաքին:
Հիշեցնենք, որ երբ Նյու Յորքի դատախազությունը որոշեց մայիսի 14-ից բանտում գտնվող ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կաննին ազատ արձակել՝ հյուրանոցի սպասուհու առաջ քաշած մեղադրանքները չհաստատվելու պատճառով, ֆրանսիացու դեմ նոր քրեական գործ է հարուցվել` սեքս-երեկույթներ կազմակերպելու և կավատության մեղադրանքներով:









































